Անցնել բովանդակությանը
Փաստաթղթեր

Օգտագործման պայմաններ։

Ուժի մեջ է՝ 25/10/2026

Այս պայմանները Marcelan HR ծրագրից օգտվելու կանոններն են։ Դրանք «Նումետրիքս» ՍՊԸ-ի (այսուհետ՝ «մենք») հրապարակային առաջարկն են (օֆերտա)՝ բաժանորդագրության պայմանագիր կնքելու համար։

Կարևոր է. Marcelan HR-ը գործիք է, որով բաժանորդը ինքն է վարում իր կադրային գործերը։ Կադրային գործերի (տվյալներ, փաստաթղթեր, ժամկետներ, օրենքի պահանջներ) համար ամբողջ պատասխանատվությունը բաժանորդինն է. «Նումետրիքս» ՍՊԸ-ն դրանց համար պատասխանատվություն չի կրում (10-րդ բաժին)։

1. Հիմնական հասկացություններ

  • Ծառայություն՝ Marcelan HR ծրագիրը (կադրային փաստաթղթեր, կադրային հաշվառում, հաշվետվություններ), որը հասանելի է ինտերնետով՝ բրաուզերում։
  • Բաժանորդ՝ իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր կամ ֆիզիկական անձ, ով Marcelan-ում ստեղծել է ընկերության հաշիվ։
  • Օգտատեր՝ անձ, ում բաժանորդը տվել է ծառայությունից օգտվելու հասանելիություն։
  • Ադմին՝ բաժանորդի օգտատեր, ով կառավարում է օգտատերերին, կարգավորումները և միացումները (Google Drive, էլ. փոստ)։
  • Կազմակերպություն՝ ընկերություն, մասնաճյուղ կամ ԱՁ, որի կադրային գործերը վարվում են բաժանորդի հաշվում։
  • Սակագին՝ բաժանորդագրության տարբերակը, որը սահմանում է օգտատերերի և կազմակերպությունների առավելագույն քանակը։

2. Պայմանագրի կնքումը

  • Գրանցվելով՝ Դուք ընդունում եք այս պայմանները անվճար փորձաշրջանի համար։ Բաժանորդագրության վճարը կատարելով՝ ընդունում եք դրանք ամբողջությամբ, և պայմանագիրը համարվում է կնքված։
  • Ընկերության անունից գրանցվելով՝ հաստատում եք, որ իրավասու եք դա անել։
  • Ձեր դիմումով նույն պայմաններով կնքում ենք նաև գրավոր պայմանագիր։

3. Ծառայությունը

  • Marcelan HR-ը կազմում է կադրային փաստաթղթեր ՀՀ աշխատանքային օրենսգրքով, վարում է կադրային հաշվառում և կազմում է հաշվետվություններ և ֆայլեր ՊԵԿ-ի համար։ Հնարավորությունները նկարագրված են գլխավոր էջում։
  • Ծառայությունը աշխատում է բրաուզերում, տեղադրում պետք չէ։ Թարմացումները հասանելի են դառնում ինքնաբերաբար։
  • Ծառայությունը զարգացնում ենք. կարող ենք ավելացնել, փոխել կամ հանել հնարավորություններ՝ պահպանելով հիմնական գործառույթները (փաստաթղթեր, աշխատակիցների տվյալներ, հաշվետվություններ)։
  • Marcelan HR-ը աշխատավարձ չի հաշվարկում և հաշվապահական ծրագրին չի փոխարինում։

4. Հաշիվ և օգտատերեր

  • Գրանցման տվյալները պետք է լինեն ճիշտ։ Ամեն օգտատեր մտնում է իր անունով, և մուտքի տվյալները ուրիշին չեն փոխանցվում։
  • Ադմինը որոշում է, թե ով ինչ դերով և որ կազմակերպություններին ունի հասանելիություն, և պատասխանատու է այդ որոշումների համար։
  • Ձեր հաշվով կատարված գործողությունները համարվում են Ձեր կատարածը։ Եթե կասկածում եք, որ մուտքի տվյալները հայտնի են դարձել ուրիշին, փոխեք գաղտնաբառը և տեղեկացրեք մեզ։

5. Անվճար փորձաշրջան

  • Գրանցվելուց հետո 14 օր ծառայությունն անվճար է՝ մինչև 5 օգտատեր և 10 կազմակերպություն։ Քարտ կամ վճարում պետք չէ։
  • Փորձաշրջանի ավարտից հետո, մինչև վճարումը, տվյալները հասանելի են միայն դիտելու համար։ Վճարելուց հետո աշխատանքը շարունակվում է նույն տվյալներով։

6. Սակագներ և վճարում

Սակագները՝ 25/10/2026-ի դրությամբ.

ՍակագինՕգտատերԿազմակերպությունԱմսականՏարեկան
Սինգլմինչև 1մինչև 1015 000 ֏150 000 ֏
Ստանդարտմինչև 3մինչև 1525 000 ֏250 000 ֏
Ստանդարտ+մինչև 9մինչև 2035 000 ֏350 000 ֏
Մաստերմինչև 20մինչև 5045 000 ֏450 000 ֏
Պրոմինչև 30մինչև 10095 000 ֏950 000 ֏
  • Գները ներառում են ԱԱՀ։
  • Յուրաքանչյուր լրացուցիչ կազմակերպություն՝ +5 000 ֏, օգտատեր՝ +3 000 ֏ ամսական։
  • Տարեկան փաթեթը վճարվում է 10 ամսվա գնով։
  • Գնի մեջ ներառված է մեկ առցանց ուսուցում յուրաքանչյուր օգտատիրոջ համար։
  • Վճարումը կատարվում է նախապես՝ ամբողջ ժամանակահատվածի (ամիս կամ տարի) համար, քարտով՝ բանկի վճարման էջում, կամ բանկային փոխանցումով։ Վճարման նշումում գրեք ընկերության անվանումը և ՀՎՀՀ-ն։
  • Բաժանորդագրությունը միացնում ենք վճարումը ստանալուց հետո՝ սովորաբար նույն կամ հաջորդ աշխատանքային օրը։ Վճարված ժամանակահատվածը սկսվում է միացման օրը։
  • Վճարման համար տրամադրում ենք հաշիվ՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։
  • Գները կարող ենք փոխել։ Նոր գները գործում են հաջորդ ժամանակահատվածից, իսկ արդեն վճարվածի գինը չի փոխվում։ Գների բարձրացման մասին տեղեկացնում ենք առնվազն 30 օր առաջ։

7. Ժամկետը և դադարեցումը

  • Բաժանորդագրությունն ինքնաբերաբար չի երկարաձգվում, և գումար ինքնաբերաբար չի գանձվում։ Շարունակելու համար վճարում եք հաջորդ ժամանակահատվածի համար։
  • Ժամկետի ավարտից հետո տվյալները մնում են դիտելու համար։ Վճարելուց հետո աշխատանքը շարունակվում է նույն տեղից։
  • Կարող եք դադարեցնել ցանկացած պահի՝ չվճարելով հաջորդ ժամանակահատվածի համար։ Տվյալները ջնջելու համար գրեք մեզ (Գաղտնիության քաղաքականություն, 7)։
  • 11-րդ բաժնի կանոնները խախտելու դեպքում կարող ենք կասեցնել հաշիվը՝ նախապես տեղեկացնելով, բացի այն դեպքերից, երբ անհապաղ կասեցումն անհրաժեշտ է անվտանգության համար։

8. Վճարի վերադարձ

  • Անվճար փորձաշրջանը թույլ է տալիս ստուգել ծառայությունը մինչև վճարելը։
  • Վճարված ժամանակահատվածի վճարը չի վերադարձվում, բացի այն դեպքերից, երբ ծառայությունը մեր մեղքով չի մատուցվել կամ վճարը կատարվել է սխալմամբ (օրինակ՝ կրկնակի)։ Այդ դեպքում գումարը վերադարձնում ենք 10 աշխատանքային օրվա ընթացքում՝ այն եղանակով, որով վճարվել է։

9. Տվյալներ

  • Ծառայությունում լրացված տվյալները և կազմված փաստաթղթերը պատկանում են բաժանորդին։ Մենք դրանք մշակում ենք միայն ծառայությունը մատուցելու համար՝ բաժանորդի անունից և Գաղտնիության քաղաքականության համաձայն, որը այս պայմանների մասն է։
  • Բաժանորդը պատասխանատու է տվյալների ճշտության և դրանք մշակելու իրավական հիմքի համար։
  • Փաստաթղթերը կարող եք ներբեռնել PDF-ով և Word-ով, ցուցակները՝ Excel-ով։ Google Drive-ը միացնելիս PDF-ները պահվում են նաև Ձեր Drive-ում։
  • Տվյալների բազայի պատճենը արվում է ամեն օր։ Կարևոր փաստաթղթերը խորհուրդ ենք տալիս պահել նաև Ձեզ մոտ։

10. Կադրային գործերի պատասխանատվությունը

Marcelan HR-ը գործիք է, որով բաժանորդը ինքն է վարում իր և իր սպասարկած կազմակերպությունների կադրային գործերը։ «Նումետրիքս» ՍՊԸ-ն այդ կադրային գործերը չի վարում և դրանց համար որևէ պատասխանատվություն չի կրում։ Ամբողջ պատասխանատվությունը բաժանորդինն է, այդ թվում՝

  • ծրագրում լրացված տվյալների ճշտության և ամբողջականության համար;
  • կազմված փաստաթղթերի (պայմանագրեր, հրամաններ, համաձայնագրեր, ծանուցումներ, տեղեկանքներ, տաբելներ, հաշվետվություններ և այլն) բովանդակության, ստորագրման, ժամկետների և կիրառման համար;
  • ՀՀ աշխատանքային և այլ օրենսդրության պահանջների կատարման համար;
  • պետական մարմիններին (ՊԵԿ, Վիճակագրական կոմիտե և այլն) ներկայացվող տեղեկությունների, ֆայլերի և ժամկետների համար;
  • աշխատողների և այլ անձանց պահանջների, աշխատանքային վեճերի, տուգանքների, տույժերի և այլ հետևանքների համար։
  • Ձևանմուշները կազմված են ՀՀ աշխատանքային օրենսգրքի և այլ իրավական ակտերի հիման վրա և թարմացվում են դրանց փոփոխություններին համապատասխան։ Բաժանորդը ամեն փաստաթուղթ ստուգում է ստորագրելուց կամ ներկայացնելուց առաջ։
  • Ծրագրի հաշվարկները (օրինակ՝ արձակուրդի մնացորդ, աշխատավարձի հաշվիչ, գործուղման նորմեր) օժանդակ են և չեն փոխարինում մասնագետի ստուգմանը։
  • Marcelan-ը իրավաբանական կամ հաշվապահական խորհրդատվություն չէ։ Անհրաժեշտության դեպքում դիմեք մասնագետի։
  • Եթե «Նումետրիքս» ՍՊԸ-ն առանձին պայմանագրով մատուցում է կադրային կամ հաշվապահական ծառայություններ, պատասխանատվությունը որոշվում է այդ պայմանագրով։

11. Օգտագործման կանոններ

Արգելվում է՝

  • ծառայությունն օգտագործել օրենքին հակասող նպատակներով կամ ուրիշի տվյալները մշակել առանց իրավական հիմքի;
  • փորձել մուտք գործել այլ բաժանորդների տվյալներ կամ շրջանցել սակագնի սահմանաչափերը;
  • խաթարել ծառայության աշխատանքը՝ ծանրաբեռնել, վնասակար ծրագրեր տարածել, ավտոմատ զանգվածային հարցումներ անել;
  • ծառայությունը կամ դրա մասերը վաճառել, վարձով տալ կամ պատճենել՝ առանց մեր գրավոր համաձայնության։

12. Հասանելիություն և աջակցություն

  • Ձգտում ենք, որ ծառայությունը հասանելի լինի շուրջօրյա։ Պլանային աշխատանքները կատարում ենք հնարավորինս ոչ աշխատանքային ժամերին և նախապես տեղեկացնում։
  • Ծառայությունը աշխատում է Google Cloud-ի վրա։ Երրորդ անձանց (Google, բանկեր, էլ. փոստի ծառայություններ, ինտերնետ մատակարարներ) խափանումները կարող են ազդել դրա աշխատանքի վրա։
  • Աջակցություն՝ էլ. փոստով և հեռախոսով, աշխատանքային օրերին։
  • Ուսուցումը՝ առցանց, յուրաքանչյուր օգտատիրոջ համար մեկ անգամ, պայմանավորված ժամին։

13. Պատասխանատվություն

  • Ծառայությունը մատուցում ենք բարեխղճորեն և մասնագիտական հոգածությամբ։
  • Կադրային գործերի համար պատասխանատվություն չենք կրում (10-րդ բաժին)։
  • Մենք պատասխանատու չենք անուղղակի վնասների և բաց թողնված օգուտի համար։
  • Եթե ծառայությունը մեր մեղքով չի մատուցվել (օրինակ՝ ծրագիրը երկար ժամանակ չի աշխատել), մեր պատասխանատվությունը սահմանափակվում է վերջին 12 ամսում բաժանորդի վճարած գումարով։ Այս սահմանափակումը չի գործում դիտավորության դեպքում։
  • Անհաղթահարելի ուժի (ֆորս-մաժոր) դեպքում կողմերն ազատվում են պատասխանատվությունից դրա ողջ ընթացքում։

14. Մտավոր սեփականություն

  • Marcelan ծրագրերը, ձևանմուշները, դիզայնը, Marcelan անվանումը և լոգոն պատկանում են «Նումետրիքս» ՍՊԸ-ին։
  • Բաժանորդագրության ընթացքում բաժանորդը ստանում է ծառայությունից օգտվելու ոչ բացառիկ իրավունք՝ իր սակագնի սահմաններում։
  • Ծառայությունում կազմված փաստաթղթերը բաժանորդը ազատ օգտագործում է իր աշխատանքում։

15. Պայմանների փոփոխություն

  • Պայմանների նոր տարբերակը հրապարակվում է այս էջում՝ ուժի մեջ մտնելու օրով։ Էական փոփոխությունների մասին բաժանորդներին տեղեկացնում ենք էլ. փոստով՝ առնվազն 10 օր առաջ։
  • Եթե համաձայն չեք նոր պայմաններին, կարող եք դադարեցնել բաժանորդագրությունը. արդեն վճարված ժամանակահատվածը շարունակվում է նախկին պայմաններով։

16. Կիրառելի իրավունք և վեճեր

  • Այս պայմանների նկատմամբ կիրառվում է ՀՀ օրենսդրությունը։
  • Վեճերը լուծում ենք բանակցություններով, իսկ համաձայնության չգալու դեպքում՝ ՀՀ դատարանում։

17. Մեր տվյալները

«Նումետրիքս» ՍՊԸ
Իրավաբանական հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Գագարինի 32
Գրասենյակ՝ ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց 59
Հեռախոս՝ +374 41 903209
Էլ. փոստ՝ info@numetrix.am