Անցնել բովանդակությանը
Փաստաթղթեր

Գաղտնիության քաղաքականություն։

Ուժի մեջ է՝ 25/10/2026

Այստեղ բացատրում ենք, թե ինչ տվյալներ են մշակվում marcelan.am կայքում և Marcelan HR ծրագրում (այսուհետ՝ Marcelan), ինչ նպատակով, որտեղ են պահվում և ինչ իրավունքներ ունեք։ Marcelan-ը մատուցում է «Նումետրիքս» ՍՊԸ-ն (այսուհետ՝ «մենք»)։

1. Ով է պատասխանատու տվյալների համար

Marcelan-ում տվյալները երկու տեսակի են, և դրանց համար պատասխանատուն տարբեր է՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի իմաստով։

  • Օգտատերերի հաշիվներ, բաժանորդագրություն և կայքի չաթ (անուն, էլ. փոստ, ընկերության անվանում, վճարումներ, չաթի հաղորդագրություններ)։ Այս տվյալների մշակողը մենք ենք։
  • Բաժանորդի տվյալներ՝ այն, ինչ Ձեր ընկերությունը լրացնում է ծրագրում (կազմակերպություններ, աշխատակիցներ, փաստաթղթեր, տաբելներ)։ Այս տվյալների մշակողը բաժանորդն է (Ձեր ընկերությունը)։ Մենք դրանք մշակում ենք բաժանորդի անունից և հանձնարարությամբ՝ որպես լիազորված անձ, միայն ծառայությունը մատուցելու համար։

Բաժանորդը պատասխանատու է, որ ունի աշխատակիցների տվյալները մշակելու իրավական հիմք (օրենք, աշխատանքային պայմանագիր կամ համաձայնություն) և որ աշխատակիցները տեղեկացված են դրա մասին։

2. Ինչ տվյալներ ենք մշակում

Կայքում (marcelan.am)

Կայքը չի օգտագործում cookie-ներ, վերլուծական կամ գովազդային գործիքներ։ Տվյալներ ստանում է միայն չաթը, երբ Դուք մեզ գրում եք (ստորև)։ Կայքի սերվերները (Google Firebase Hosting) կարող են գրանցել տեխնիկական տվյալներ՝ IP հասցե, բրաուզերի տեսակ, հարցման ժամ, որ կայքը աշխատի անվտանգ։

Կայքի չաթ

Եթե գրում եք կայքի չաթում, պահում ենք Ձեր նշած անունը, էլ. փոստը կամ հեռախոսը, հաղորդագրությունները, այն էջի հասցեն, որտեղից գրել եք, և ժամը։ Դրանք օգտագործում ենք միայն Ձեզ պատասխանելու համար։ Հաղորդագրությունները տեսնում է Marcelan-ի թիմը՝ թիմի էջում և թիմի Telegram խմբում։ Չարաշահումները կանխելու համար մեկ օր պահվում է Ձեր IP հասցեից հաշվարկված կարճ ծածկագիր (ոչ թե հասցեն)։ Չաթում մի գրեք աշխատակիցների անձնական տվյալներ։

Հաշիվ և բաժանորդագրություն

  • Օգտատիրոջ անունը և էլ. փոստը, Google-ով մուտքի դեպքում՝ Google հաշվի անունը, էլ. փոստը և նկարը։
  • Ընկերության անվանումը և ՀՎՀՀ-ն, օգտատերերի դերերը և հասանելի կազմակերպությունները։
  • Մուտքերի և գործողությունների ժամերը, փաստաթղթերի պատմությունը (ով, երբ և ինչ է կազմել, փոխել, հաստատել կամ դիտել)։
  • Բաժանորդագրության սակագինը, ժամկետը և վճարումների գրառումները (գումար, ամսաթիվ)։

Բաժանորդի տվյալներ

  • Կազմակերպությունների տվյալներ՝ անվանում, ՀՎՀՀ, հասցեներ, ղեկավարներ, ստորաբաժանումներ, պաշտոններ, հաստիքացուցակ։
  • Աշխատակիցների և ծառայություններ մատուցողների տվյալներ՝ անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան ամսաթիվ, ՀԾՀ, անձը հաստատող փաստաթղթի տվյալներ, հասցեներ, կապի տվյալներ, կրթություն, ընտանիքի անդամներ, աշխատանքային պայմաններ, աշխատավարձ, արձակուրդներ, գործուղումներ, բացակայություններ, տաբել։
  • Ծրագրում կազմված փաստաթղթերը և դրանց համարները։
  • Google Drive-ում պահված ֆայլերի անունները, տեսակները և հղումները (ֆայլերն իրենք՝ Ձեր Drive-ում են)։

Էլ. փոստով ուղարկում

Եթե ադմինը միացնում է ընկերության փոստարկղը, պահում ենք փոստի սերվերը, հասցեն և հավելվածի գաղտնաբառը՝ գաղտնագրված։ Ամեն ուղարկման մասին պահվում է գրառում՝ ով, ում, երբ և ինչ փաստաթուղթ է ուղարկել։

Սխալների մասին տեղեկություն

Ծրագրում սխալ առաջանալիս պահվում են սխալի ժամը, էջը, տեքստը, ընկերության անվանումը և օգտատիրոջ էլ. փոստը, որ սխալը արագ շտկենք։ Աշխատակիցների և փաստաթղթերի տվյալներն այդ տեղեկության մեջ չեն մտնում։

Վճարում

Քարտով վճարումը կատարվում է բանկի վճարման էջում։ Քարտի տվյալները մենք չենք ստանում և չենք պահում։

3. Ինչ նպատակով

  • Ծառայությունը մատուցելու՝ փաստաթղթեր, հաշվետվություններ, թիմի աշխատանք, Drive և էլ. փոստ։
  • Մուտքը, իրավունքները և անվտանգությունը ստուգելու։
  • Բաժանորդագրությունը և վճարումները հաշվառելու, հաշիվներ տրամադրելու։
  • Սխալները գտնելու և շտկելու, աջակցություն և ուսուցում տրամադրելու։
  • Ծառայության մասին կարևոր տեղեկություններ ուղարկելու՝ ժամկետի ավարտ, փոփոխություններ, անվտանգություն։

Մենք տվյալները չենք վաճառում, չենք օգտագործում գովազդի համար և երրորդ անձանց չենք փոխանցում, բացի 4-րդ բաժնում նշվածներից։ Ձեր ընկերության տվյալները մեր թիմը չի դիտում, բացի Ձեր դիմումով աջակցության, անվտանգության կամ օրենքով պահանջվող դեպքերից։

Աջակցության և հաշվառման համար մեր թիմը տեսնում է բաժանորդի հաշվի տվյալները՝ ընկերության անվանումը և ՀՎՀՀ-ն, օգտատերերի անունները, էլ. հասցեները և դերերը, կազմակերպությունների քանակը և անվանումները, բաժանորդագրությունը, վճարումները, ակտիվությունը ըստ ամիսների (աշխատանքի ժամեր, պահպանված գրառումների և ֆայլերի քանակ) և կարգավորումների փոփոխությունները։ Աշխատակիցների տվյալները և փաստաթղթերը այնտեղ չեն երևում։

4. Որտեղ են պահվում տվյալները և ով է դրանք մշակում

  • Google Cloud և Firebase (Google)՝ տվյալների բազա, սերվերի ֆունկցիաներ, մուտք և կայքի հոսթինգ։ Ծրագրի տվյալները պահվում են Ֆրանկֆուրտում (Գերմանիա, Եվրամիություն), որտեղ ապահովվում է անձնական տվյալների պաշտպանության պատշաճ մակարդակ։
  • Google Drive՝ բաժանորդի սեփական հաշիվը, եթե ադմինը այն միացրել է (5-րդ բաժին)։
  • Google Cloud Translation՝ պաշտոնների անվանումները անգլերեն թարգմանելու համար (օրինակ՝ դեսպանատան տեղեկանքում)։ Ուղարկվում են միայն պաշտոնների անվանումները, անձնական տվյալներ՝ ոչ։
  • Telegram՝ սխալների մասին ծանուցումներ և կայքի չաթի հաղորդագրություններ մեր թիմին (2-րդ բաժին)։
  • Ձեր էլ. փոստի ծառայությունը (օրինակ՝ Gmail)՝ նամակները ուղարկվում են Ձեր փոստարկղից։
  • Բանկ՝ քարտով վճարում։

Եթե մեզ գրում եք էլ. փոստով, WhatsApp-ով կամ Telegram-ով, նամակագրությունը պահվում է նաև այդ ծառայություններում՝ նրանց կանոններով։ Աշխատակիցների անձնական տվյալներն այնտեղ չուղարկեք, դրանք լրացրեք ծրագրում։

5. Google Drive և Google-ով մուտք

Google Drive-ը միացնում է բաժանորդի ադմինը՝ իր որոշմամբ։ Marcelan-ը խնդրում է միայն drive.file թույլտվությունը. այն տեսնում և փոխում է միայն այն ֆայլերն ու թղթապանակները, որոնք ինքն է ստեղծել կամ որոնք ադմինը ընտրել է Google-ի պատուհանում։ Ձեր Drive-ի մյուս ֆայլերը Marcelan-ը չի տեսնում։

Այս թույլտվությամբ Marcelan-ը՝

  • ընտրված թղթապանակում բացում է թղթապանակներ՝ ըստ կազմակերպության և աշխատակցի;
  • պահում է հաստատված փաստաթղթերի PDF-ները և աշխատակիցների կցված ֆայլերը;
  • Ձեր օգտատերերի համար բացում, թարմացնում և ջնջում է այդ ֆայլերը՝ նրանց իրավունքներով։

Drive-ի մշտական թույլտվությունը պահվում է գաղտնագրված և օգտագործվում է միայն այս գործողությունների համար։ Ադմինը կարող է Drive-ը անջատել ցանկացած պահի («Ադմին» բաժնի «Google Drive» ներդիրում). թույլտվությունը չեղարկվում է, իսկ ֆայլերը մնում են Ձեր Drive-ում։

Google-ով մուտքի դեպքում Marcelan-ը ստանում է Ձեր անունը, էլ. փոստը և նկարը՝ միայն մուտքի և թիմում Ձեզ ճանաչելու համար։

Google-ից ստացված տվյալները մենք չենք վաճառում, չենք օգտագործում գովազդի համար, չենք տալիս ուրիշներին, բացի ծառայությունը մատուցելու, անվտանգության և օրենքով պահանջվող դեպքերից, և չենք օգտագործում արհեստական բանականության կամ մեքենայական ուսուցման ընդհանուր մոդելներ մշակելու, բարելավելու կամ սովորեցնելու համար։ Marcelan-ի կողմից Google API-ներից ստացված տեղեկությունների օգտագործումը և փոխանցումը որևէ այլ հավելվածի համապատասխանում է Google API Services User Data Policy-ին, ներառյալ Limited Use պահանջները։

6. Անվտանգություն

  • Կապը միշտ գաղտնագրված է (HTTPS)։ Տվյալների բազան և պատճենները գաղտնագրված են Google Cloud-ում։
  • Ամեն ընկերության տվյալները առանձին են. դրանք տեսնում են միայն այդ ընկերության օգտատերերը՝ ըստ դերի և կազմակերպությունների։ Իրավունքները ստուգում է սերվերը։
  • Էլ. փոստի գաղտնաբառը և Drive-ի թույլտվությունը պահվում են գաղտնագրված (AES-256-GCM), գաղտնագրման բանալին՝ Google Secret Manager-ում։ Էջերը դրանք չեն կարդում։
  • Փաստաթղթերի պատմությունը չի փոխվում և չի ջնջվում։
  • Տվյալների բազայի պատճենը արվում է ամեն օր։

7. Որքան ժամանակ ենք պահում

  • Բաժանորդի տվյալները՝ բաժանորդագրության ողջ ընթացքում։ Ժամկետի ավարտից հետո դրանք մնում են դիտելու համար, որ կարողանաք շարունակել։ Ժամկետի ավարտից 12 ամիս անց կարող ենք դրանք ջնջել՝ առնվազն 30 օր առաջ ծանուցելով էլ. փոստով։
  • Ձեր գրավոր դիմումով ընկերության տվյալները ջնջում ենք 30 օրվա ընթացքում։ Պահուստային պատճեններից դրանք ջնջվում են ևս 14 օրում։
  • Ծրագրում ջնջված կազմակերպությունը 30 օր մնում է «Ջնջվածներ»-ում (կարելի է վերականգնել), հետո ջնջվում է վերջնականապես։
  • Սխալների մասին տեղեկությունը՝ մինչև սխալի շտկումը, բայց ոչ ավելի, քան 90 օր։
  • Կայքի չաթի զրույցները՝ վերջին հաղորդագրությունից 12 ամիս, իսկ Ձեր խնդրանքով ջնջում ենք ավելի շուտ (նաև Telegram խմբից)։
  • Վճարումների և հաշիվների տվյալները՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետով։
  • Google Drive-ի ֆայլերը Ձեր Drive-ում են և մնում են այնտեղ՝ մեզնից անկախ։

8. Cookie-ներ և բրաուզերի պահոց

marcelan.am կայքը cookie-ներ չի օգտագործում։ Եթե գրում եք չաթում, Ձեր բրաուզերում պահվում է զրույցի նույնացուցիչը (localStorage), որ էջը նորից բացելիս տեսնեք պատասխանը. «Սկսել նոր զրույց» կոճակը այն ջնջում է։ Marcelan HR-ը Ձեր բրաուզերում պահում է միայն մուտքի տվյալները (Firebase Authentication) և աշխատանքի հարմարության կարգավորումները (օրինակ՝ վերջին ընտրված ընկերությունը)։ «Հանրային համակարգիչ» նշելու դեպքում մուտքը չի հիշվում և ավարտվում է բրաուզերը փակելիս։

9. Ձեր իրավունքները

Դուք իրավունք ունեք ստանալ տեղեկություն Ձեր տվյալների մասին, պահանջել դրանց ուղղումը, արգելափակումը կամ ջնջումը, ինչպես նաև հետ վերցնել համաձայնությունը՝ օրենքով սահմանված կարգով։ Հաշվի տվյալների համար գրեք մեզ՝ info@numetrix.am։

Եթե Ձեր տվյալները ծրագրում լրացրել է Ձեր գործատուն, դիմեք նրան. մենք կօգնենք գործատուին կատարել Ձեր պահանջը։

Կարող եք դիմել նաև Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն (ՀՀ արդարադատության նախարարություն)։

10. Փոփոխություններ և կապ

Այս քաղաքականության նոր տարբերակը հրապարակվում է այս էջում՝ ուժի մեջ մտնելու օրով։ Էական փոփոխությունների մասին բաժանորդներին տեղեկացնում ենք էլ. փոստով՝ առնվազն 10 օր առաջ։

«Նումետրիքս» ՍՊԸ
Իրավաբանական հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Գագարինի 32
Գրասենյակ՝ ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց 59
Հեռախոս՝ +374 41 903209
Էլ. փոստ՝ info@numetrix.am

Google user data (English summary)

Marcelan HR is provided by Numetrix LLC, Yerevan, Armenia. When an administrator of a subscribing company chooses to connect Google Drive, Marcelan HR requests only the drive.file scope. It uses this access to create folders (per organization and per employee) inside the folder the administrator selects, and to save, open, update and delete the PDF documents and employee files that the company's users create or upload in Marcelan HR. Marcelan cannot see any other files in the user's Drive. The refresh token is stored encrypted (AES-256-GCM) and is revoked when the administrator disconnects Drive; the files stay in the company's Drive.

Google sign-in gives Marcelan the user's name, email address and profile picture, used only to sign the user in and to show the team who did what.

We do not sell Google user data, use it for advertising, or transfer it to others except as needed to provide the service, for security, or to comply with the law. We do not use or retain data obtained through Google Workspace APIs to develop, improve, or train generalized or non-personalized AI and/or ML models. Marcelan's use and transfer to any other app of information received from Google APIs will adhere to the Google API Services User Data Policy, including the Limited Use requirements.

Contact: info@numetrix.am